2 փետրվարի 2011 - 11:45 AMT
Արսեն Գալստյան. Խնդիրները սկսվեցին Բաքու ժամանելուն պես

«Խնդիրները սկսվեցին Բաքու ժամանելուն պես: Օդանավակայանի աշխատակիցները, ընթերցելով իմ ազգանունը, անմիջապես կանչեցին ավագ աշխատակիցներին: Եկան ինչ-որ տղամարդիկ, վերցրեցին իմ անձնագիրն ու գնացին: Ինձ ասացին, որ թույլ չեն տա դուրս գալ քաղաք, քանի որ չեն կարող ապահովել իմ անվտանգությունը: Միակ անվտանգ վայրը ըստ նրանց օդանավակայանն էր»,-ասել է ձյուդոյի աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր Արսեն Գալստյանը (Ռուսաստան), որը վերջերս երկրորդ տեղը զբաղեցրեց Բաքվի միջազգային մրցաշարում, հաղորդում է «Երկրամասը»:

Ըստ Գալստյանի, իր թիմակիցները հայտարարեցին, որ եթե իրեն թույլ չտան մասնակցել մրցաշարին, նրանք ևս կհրաժարվեն մասնակցությունից:

«Դահլիճը, որտեղ անցնում էին մրցումները, լիքն էր: Հենց որ իմ ազգանունն էր հնչում, դահլիճը սկսում էր աղմկել, բղավել, հայհոյանքներ տեղալ, և այդպես յուրաքանչյուր մենամարտի ժամանակ: Եզրափակիչ դուրս գալու համար ես մենամարտում էի ադրբեջանցու հետ: Մենամարտը սկսվեց նույն աղմուկ-աղաղակով, սակայն, երբ ես նրան գետնեցի, մեռյալ լռություն տիրեց: Իսկ երբ ես կռվում էի եզրափակչում, ողջ դահլիճը կրկնպատիկ եռանդով սատարում էր իմ մրցակցին Ուզբեկստանից»,-ասել է մարզիկը: