2 փետրվարի 2011 - 13:05 AMT
Էդուարդ Շարմազանով. Համաշխարհային հանրությունը վաղուց ուշադրություն չի դարձնում ադրբեջանցի քաղաքական գործիչների հայտարարություններին

Ադրբեջանցի պատգամավորները պետք է սովորեն հետևել դիվանագիտական կոռեկտությանը և չմիջամտեն հայ-իրանական հարաբերություններին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ՀՀԿ քարտուղար, ՀՀ ԱԺ պատգամավոր էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքերով, Միլի մեջլիսի պատգամավոր Գանիրա Փաշաևայի հայտարարությունն այն մասին, որ «ադրբեջանցիները չպետք է թույլ տան Թեբրիզից Հայաստան նավթատարի շինարարությունը», խոսում է հարևան երկրների ներքին գործերին Բաքվի միջամտության մասին: «Պատմությունն ապացուցել է, որ համաշխարհային հանրությունը վաղուց ուշադրություն չի դարձնում ադրբեջանական քաղաքական գործիչների հայտարարություններին: Միաժամանակ ցանկանում եմ ընդգծել ղարաբաղյան հարցում Իրանի կառուցողական և չեզոք դիրքորոշումը, ինչը չի կարելի ասել Թուրքիայի մասին: Հավանաբար Իրանի հենց այդ դիրքորոշումը հանգիստ չի տալիս ադրբեջանցի պատգամավորներին»,- ասել է Շարմազանովը: