2 փետրվարի 2011 - 14:15 AMT
Ալեքսանդր Մարկարովը չի հավատում մոտ ապագայում պատերազմի վերսկսման հնարավորությանը Ղարաբաղում

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը չի հավատում, որ մոտ ապագայում ռազմական գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում կարող են վերսկսվել: Ըստ նրա, կարելի է ակնկալել զինված սադրանքների քանակի ավելացում շփման գծում, սակայն լայնածավալ պատերազմ, առնվազն, առաջիկա կես տարում չի լինի:

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի այն մեղադրանքներին, թե Հայաստանը նոր պատերազմի է պատրաստվում, ապա, ըստ քաղաքագետի, դա քարոզչական պատերազմի քայլերից մեկն է, որը կոչված է համաշխարհային հանրության ուշադրությունը շեղել Ադրբեջանի սպառազինումից:

Նա նշել է նաև, որ Ադրբեջանը Եվրոպայի միակ երկիրն է, որը բացահայտ կերպով պարծենում է իր ռազմական ծախսերով:

Իր հերթին քաղաքագետ Երվանդ Բոզոյանը հավելել է, որ բացառելու համար պատերազմի վերսկսման հնարավորությունը, հայկական կողմը պետք է պատրաստ լինի դրան և թույլ չտա, որ խախտվի ուժերի հավասարակշռությունն Ադրբեջանի հետ: