2 փետրվարի 2011 - 18:46 AMT
ՀՀ տրանսպորտի նախարարն ու Ռումինիայի դեսպանը քննարկել են երկկողմ տնտեսական կապերը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը փետրվարի 2-ին ընդունել է Հայաստանում Ռումինիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Կրինա Ռոդիքա Պրոնարիուին: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարտի 10-11-ը Բուխարեստում կայանալիք հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 3-րդ նիստի օրակարգին վերաբերող հարցեր:

Ինչպես հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը, Մանուկ Վարդանյանը տեղեկացրել է, որ Միջկառավարական նիստին զուգահեռ նախատեսվում է կազմակերպել հայ-ռումինական գործարար ֆորում կամ կլոր սեղան` երկու կողմերի առևտրատնտեսական հաստատությունների և գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ: Կողմերը ներկայացրել են այն ոլորտները որտեղ հնարավոր է ներդրումներ կատարել:

Դեսպան Կրինա Ռոդիքա Պրոնարիուին կարևորել է նաև համատեղ ձեռնարկությունների ստեղծումը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է: