3 փետրվարի 2011 - 17:50 AMT
Գարնանը Արցախում կբացվի ազգային պատկերասրահ

Այս տարի գարնանը Արցախում բացվելու է ազգային պատկերասրահ: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց բարերար Գրիգոր Գաբրիելյանցը, ում և պատկանում է ազգային պատկերասրահի ստեղծման գաղափարը, առայժմ վերջնականապես որոշված չէ, թե որտեղ է տեղակայվելու պատկերասրահը: «Երկրի ներդաշնակ զարգացման համար անհրաժեշտ է, որպեսզի բոլոր ոլորտները զարգանան համաչափ»,- ընդգծեց Գաբրիելյանցը եւ ավելացրեց, որ մշակույթի զարգացումը նույնքան կարեւոր է, որքան տնտեսության, անվտանգության զարգացումը:

Գրիգոր Գաբրիելյանցը իր նկարների ողջ հավաքածուն` շուրջ 21 գործ նվիրաբերում է նորաստեղծ պատկերասրահին: Արցախում Ազգային պատկերասրահ ստեղծելու գաղափարը շատ արագ արձագանք է ստացել աշխարհի տարբեր անկյուններում: Պատկերասրահի հավաքածուն կազմված է լինելու տարբեր հաստատությունների եւ անհատների կողմից նվիրաբերված նկարներից: Հունվարի 1-ի դրությամբ, պատկերասրահին նվիրաբերված նկարների թիվը գերազանցում է 300-ը: Կան նաեւ հայտնի նկարիչների գործեր, այդ թվում` Սարյանի, Մինասի աշխատանքներ: