3 փետրվարի 2011 - 18:51 AMT
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դժգոհություն են հայտնել ԵԽԽՎ Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի ստեղծման առնչությամբ

ԵԽԽՎ բյուրոյի որոշումը ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերաբերյալ շարունակում է մնալ հակասական, հատկապես, որ այդ որոշումը հակասում է միջնորդ պետությունների բազմաթիվ կոչերին՝ հեռու մնալ այլ կազմակերպությունների այնպիսի գործողություններից, որոնք կարող են պոտենցիալ կերպով վնաս հասցնել բանակցային գործընթացին: Այդ կապակցությամբ վերջին անգամ ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 13-ին իր ասուլիսում` բանակցային գործընթացին չվնասելու վերաբերյալ:

Ինչպես մեզ տեղեկացրեցին դիվանագիտական աղբյուրները Եվրոպայի Խորհրդում ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների ներկայացուցիչները իրենց դժգոհությունն են հայտնել ԵԽԽՎ բյուրոյի կողմից ընդունած որոշման վերաբերյալ: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, նրանք մասնավորապես դժգոհել են ԵԽԽՎ Բյուրոյի ղարաբաղյան բանակցային գործընթացին ակնհայտորեն վնասող որոշման ընդունման կապակցությամբ` նշելով, որ այդ որոշման բացասական հետեւանքների պատասխանատվությունն ամբողջովին ընկնում է ԵԽԽՎ բյուրոյի վրա:

Նրանք կոչ են արել ԵԽԽՎ ղեկավար մարմնին հարգանքով վերաբերվել բանակցային գործընթացի բնույթին ու ձեւաչափին եւ դրան մոտենալ հասունության զգացումով: Ֆրանսիայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները նշել են, որ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների մանրամասներին չտիրապետող քաղաքական գործիչների կողմից հանրային քննարկումները, չեն կարող որեւէ իմաստալից աջակցություն լինել գործընթացի համար: