3 փետրվարի 2011 - 19:08 AMT
VoIP ելքային միջազգային զանգերի արգելումը կօգնի պաշտպանելու կապի փրովայդերներին խարդախություններից

IP հեռախոսակապով (VoIP) ելքային միջազգային զանգերի արգելումը, որն ընդունվեց Հայաստանի Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի կողմից, կօգնի պաշտպանելու կապի փրովայդերներին խարդախություններից: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը: Նրա կարծիքով` այս որոշումը մի կողմից անվտանգություն կապահովի ինքնին փրովայդերների համար, որոնք տուժում են հաքերների գործողություններից և ստիպված են վճարել անօրինական միջազգային զանգերի համար: Մյուս կողմից կպաշտպանի «ԱրմենՏելին» անբարեխիղճ փրովայդերներից, որոնք կապի ալիքներ են վարձում օպերատորից: Այդպես, Անուշ Բեղլոյանի խոսքով, 2010 թվականի ընթացքում ՀԾԿՀ-ը 2 փրովայդերի է տուգանել զանգերի անօրինական տերմինացիայի համար: «Նրանք զանգեր էին կատարում` շրջանցելով «ԱրմենՏել» բիլլինգային համակարգը կամ էլ զանգերը գրանցվում էին որպես տեղական, իսկ իրականում միջազգային հեռախոսազանգեր էին կատարվում: դրանով նրանք վնաս էին հասցնում ընկերությանը»,- նշել է նա: Հունվարի 26-ին ՀԾԿՀ-ն որոշում ընդունեց, որի համաձայն հեռախոսակապի IP տեխնոլոգիայով (Ինտերնետի միջոցով) միջազգային զանգեր իրականացնող փրովայդերների համարներից անհնար կլինի ելքային զանգեր կատարել: Բացառություն կարող են կազմել այն ընկերությունները, որոնք Հանձնաժողովին կհամոզեն, որ այդ արգելքն ազդում է իրենց գործունեության վրա: ՀԾԿՀ-ն IP հեռախոսակապի ծառայությունների մատուցելու լիցենզիա է տրամադրել մոտ 60 հայկական փրովայդերների: