4 փետրվարի 2011 - 16:03 AMT
Օնկոլոգիական հիվանդությունները Հայաստանում երիտասարդանում են

«Ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում քաղցկեղը ոչ միայն տարածվում է, այլ նաև երիտասարդանում է»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Առողջության հայ-ամերիկյան կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:

Ըստ նրա, կենտրոնի այցելուների թվում է եղել նաև ֆիբրոզային նորագոյացությունով մի 8-ամյա աղջիկ: «Մեզ հաճախ են դիմում նման խնդիրներով երիտասարդ աղջիկներ, նույնիսկ 15-16 տարեկան»,-ասել է Հակոբյանը:

Նա նշել է, որ օնկոլոգիական հիվանդությունների, այդ թվում չարորակ ուռուցքների առաջացման հիմնական պատճառը գենետիկ տրամադրվածությունն է, սթրեսները, չափազանց վաղ կամ ուշացած ամուսնությունները: «Կինը պետք է առողջ ապրելակերպ ունենա, ժամանակին սկսի ապրել սեռական կյանքով, ժամանակին ծննդաբերի և կրծքով կերակրի»,-ասել է Հակոբյանը:

Նա հավելել է, որ ըստ վիճակագրության սևամորթ կանայք շատ ավելի հազվադեպ են հիվանդանում քաղցկեղով, քան սպիտակամորթ կանայք: «Եթե գիտնականներին հաջողվի պարզել այդ երևույթի պատճառները, բժշկությունը մեծ առաջընթաց կապրի այդ ոլորտում»,-ասել է Խաչանուշ Հակոբյանը: