4 փետրվարի 2011 - 17:20 AMT
ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն «Թիկնապահների մասին» օրենք են մշակում

ՀՀ ԱԺ ՀՅ Դաշնակցություն խմբակցությունը Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցության հետ միասին մտադիր է «Թիկնապահների մասին» միասնական օրինագիծ մշակել: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ Հրայր Կարապետյանը: Կարապետյանը հիշեցրեց, որ ՀՅԴ-ն բազմիցս հանդես է եկել այդ օրինագիծը խորհրդարանի օրակարգում ընդգրկելու առաջարկով, սակայն դրա քննարկումը մշտապես հետաձգվել է: Կարապետյանը հաղորդեց, որ այսօր իր գլխավորած հանձնաժողովի նիստում «Թիկնապահների մասին» օրինագծի քննարկումը կրկին հետաձգվեց:

Հրայր Կարապետյանը հիշեցրեց, որ թիկնապահների գործունեությունը կարգավորող օրենքի ընդունման անհրաժեշտության մասին խոսել է նաև Հայաստանի նախագահը` ելույթ ունենալով ՀՀԿ 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ: