«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի բյուջեի 2011թ. նախագիծը 92,2 մլն դրամի չափով պակասուրդ է ենթադրում

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի բյուջեի 2011թ. նախագիծը 92,2 մլն դրամի չափով պակասուրդ է ենթադրում

PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզում փետրվարի 4-ին տեղի ունեցավ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը` խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի ղեկավարությամբ, հաղորդում է ՊՈԱԿ մամլո ծառայությունը: Նիստում ներկայացվեց և հավանության արժանացավ ՊՈԱԿ-ի 2011թ. բյուջեի լրամշակված նախագիծը: Տեղեկացվեց, որ փաստաթղթում հաշվի է առնվել ՊՈԱԿ-ի բազային եկամուտների և իրավական ակտերից բխող ֆինանսական պարտավորությունների ողջ ծավալը, այդ թվում` ՊՈԱԿ-ի պարտավորությունները համայնքների նկատամամբ: Բյուջեն եկամտային մասով կազմելու է 369,7 մլն, ծախսային մասով` 461,9 մլն դրամ:

Խորհուրդը որոշեց պակասուրդի գումարը հատկացնելու առաջարկով դիմել ՀՀ կառավարությանը` ՊՈԱԿ-ի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով: Խորհուրդը քննության առավ նաև «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի` 2010թ. սեպտեմբերի 1-ից հետո կնքված հողերի վարձակալության պայմանագրերը: Որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի կնքված պայմանագրերը, և վերջնական որոշումը կկայացվի հաջորդ նիստում: ՀՀ բնապահպանության նախարարին առաջարկվեց ներկայացնել տեղեկատվություն ՊՈԱԿ-ի 2007-2011թթ. կառավարման պլանի մասին, ինչպես նաև ՊՈԱԿ-ի եկամուտների ավելացման նպատակով վերջինիս կողմից մատուցվող ծառայություններն ընդլայնելու վերաբերյալ առաջարկություններ տալ:

Խորհուրդը որոշեց նաև ՀՀ բնապահպանության, գյուղատնտեսության, քաղաքաշինության նախարարությունների, ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ ստեղծել աշխատանքային խումբ, որը ուսումնասիրություններ կիրականացնի և կներկայացնի առաջարկություններ` ազգային պարկի հողերի վարձակալության նվազագույն սակագնի վերաբերյալ:

Նշվեց, որ նախորդ նիստում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` առաջիկայում ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչությունը կիրականացնի ՊՈԱԿ-ի վերջին տարիների ֆինանսական գործունեության վերաբերյալ աուդիտ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---