7 փետրվարի 2011 - 13:32 AMT
Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված հարձակման գործով ամբաստանյալի հարազատները բողոքի ակցիա են անցկացրել

ՀՀ նախագահի նստավայրի առջև տեղի է ունեցել մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակման գործով ամբաստանյալ, գործարար Արա Կարապետյանի հարազատների, ընկերների բողոքի ակցիան:

Ակցիայի մասնակիցները հանդես են գալիս անհիմն մեղադրանքների, անարդար նախաքննական և դատաքննական գործընթացի դեմ:

Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը դեպքի վայրից, ամբաստանյալի քույրը հայտարարել է, որ բողոք-նամակը հանձնելու է միայն նախագահին կամ աշխատակազմի ղեկավարին:

Բողոքի ակցիային մասնակցել է շուրջ 20 կողմնակից, իսկ տվյալ պահին մեղադրյալի քույրը տարեց կնոջ ուղեկցությամբ լքել է նախագահական նստավայրը, որտեղ նրանց առաջարկել են իրենց նամակը թողնել ընդունարանում: