7 փետրվարի 2011 - 17:28 AMT
BarCamp Yerevan’11-ը տեղի կունենա մայիսին

BarCamp տեղեկատվական տեխնոլոգիաների ոչ պաշտոնական խորհրդաժողովը երրորդ անգամ տեղի կունենա Երևանում: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց միջոցառման կազմակերպիչներից Արփինե Գրիգորյանը, խորհրդաժողովի նախնական ամսաթիվը մայիսի 28-29-ն է: Նրա խոսքով` BarCamp Yerevan’11-ի ընթացքում շեշտը կդրվի ՏՏ ոլորտի տեղի առաջատարների ցուցադրությունների վրա: Միջոցառումն ուղղված է նաև ՏՏ ոլորտում նոր տաղանդավոր աշխատակիցների բացահայտմանը: Ծրագրվում է, որ BarCamp Yerevan’11-ը մասնակիցներ կհավաքի նաև արտասահմանից:

BarCamp-ը խորհրդաժողովների միջազգային ցանց է, որը բաց է բոլորի համար և տեղի է ունենում զեկույցների, դասընթացների, ցուցադրությունների ու քննարկումների ձևաչափում: Ողջ նյութը տրամադրում են հենց մասնակիցները: Առաջին BarCamp-ը տեղի է ունեցել Պալո Ալտոյում (Կալիֆոռնիա) 2005 թվականին, այդ ժամանակից ի վեր BarCamp-ի խորհրդաժողովներ են կայացել աշխարհի ավելի քան 350 քաղաքներում: Հայաստանում միջոցառումը կազմակերպվում է սկսած 2009 թվականից, իսկ 2010 թվականին BarCamp-ն առաջին անգամ տեղի ունեցավ Արցախի Հանրապետությունում: