7 փետրվարի 2011 - 18:10 AMT
Երեք հայ գեղասահորդներ կմասնակցեն աշխարհի առաջնությանը

Սլովենիայի Լյուբլյանա քաղաքում փետրվարի 2-6-ը անցկացված աշխարհի գեղասահքի պատանեկան և մեծահասակների առաջնության ընտրական մրցաշարին մասնակցեցին նաև Հայաստանի ներկայացուցիչները: Առավել հաջող հանդես եկավ երևանցի 14-ամյա Սլավիկ Հայրապետյանը: Նա լիովին արդարացրեց սպասելիքները ` գրավելով երկրորդ տեղը: Սա հայ գեղասահորդին աշխարհի պատանեկան առաջնության եզրափակիչին մասնակցելու իրավունք տվեց:

18-ամյա Սարգիս Հայրապետյանը նույնպես վստահ ելույթներ ունեցավ: Նա եզրափակեց լավագույն հնգյակը և արժանացավ Տոկիոյում մարտին կայանալիք աշխարհի առաջնության ուղեգրին:

Սեուլում փետրվարի 26-ից մարտի 6-ը նախատեսված աշխարհի պատանեկան առաջնությանը մասնակցելու ուղեգիր ստացավ նաև աղջիկների մրցաշարում ութերորդը ճանաչված 14-ամյա Մարթա Գրիգորյանը:

Վերջում հավելենք,որ Մարթան ու Սլավիկը Հայաստանի պատվիրակության կազմում իրենց ունակությունները կդրսևորեն Չեխիայում փետրվարի 12-ին մեկնարկելիք Եվրոպայի երիտասարդական օլիմպիական փառատոնում: Գլխավոր նպատակը 2012-ին Ինսբրուկի ձմեռային պատանեկան օլիմպիական առաջին խաղերի ուղեգիր նվաճելն է, հաղորդում է ՀԱՕԿ մամլո ծառայությունը: