8 փետրվարի 2011 - 15:50 AMT
ՀՅԴ-ն կոչ է անում Հայաստանում ստեղծել ընտրական իրավունքների պաշտպանության շարժում

ՀՅ Դաշնակցությունը հանդես է գալիս ընտրական իրավունքների պաշտպանության շարժում ստեղծելու նախաձեռնությամբ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտնել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: «Բոլոր քաղաքական և քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը սկսվում է ընտրական իրավունքների պաշտպանությունից»,- ասել է նա:

Ռուստամյանի խոսքերով, այդ շարժումը պետք է միավորի տարբեր հասարակական և քաղաքական ուժերին ընտրություններում կեղծիքների և խախտումների դեմ պայքարում: Նա նաև նշել է, որ շարժումն ունենալու է երկու գլխավոր նպատակ. ցույց տալ իշխանությանը, որ հասարակության մեջ առկա են ուժեր, որոնք պատրաստ են պայքարել խախտումների դեմ, և, երկրորդ, կոչ անել բնակչությանը չվաճառել ձայները և չհաշտվել խախտումների հետ: