8 փետրվարի 2011 - 17:02 AMT
Հայ-իռլանդական միջխորհրդարանական կապերը պետք է ընդլայնվեն

Փետրվարի 8-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իռլանդիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոուանը (նստավայրը` Սոֆիա), հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և նրա հետ քննարկել տարբեր մակարդակներում հայ-իռլանդական հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Հանրապետության ղեկավարը կարևորել է երկու երկրների միջև իրավա-պայմանագրային դաշտի ձևավորումը, ինչը թույլ կտա մի շարք ոլորտներում ակտիվացնել համագործակցությունը:

Նկատի առնելով, որ Հայաստանի և Իռլանդիայի խորհրդարաններում ձևավորված են բարեկամական խմբեր, Սերժ Սարգսյանն ընդգծել է միջխորհրդարանական կապերի ամրապնդման, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության կարևորությունը:

Դեսպան Ջոն Ռոուանը հեռանկարային է համարել հայ-իռլանդական փոխշահավետ գործակցությունը գիտա-հետազոտական աշխատանքների իրականացման, մշակույթի, բարձր տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներում:

«Կարելի է հայերի և իռլանդացիների հանդիպել աշխարհի ցանկացած կետում, և դա մեր ընդհանրություններից մեկն է: Տարբեր պաշտոններ զբաղեցնելուս տարիներին հայերի եմ հանդիպել Բեյրութում, Կալիֆորնիայում և այլուր: Ես խորը հարգանքով եմ վերաբերվում հայ ժողովրդին և նրա մշակույթին, որը նույնչափ հարուստ է, որքան` իռլանդականը: Պատրաստ եմ անել ամեն հնարավորը` մեր երկրների միջև հարաբերությունների զարգացմանն առավելագույնս նպաստելու համար»,- նախագահի հետ հանդիպմանն ասել է Հայաստանում Իռլանդիայի նորանշանակ դեսպան Ջոն Ռոուանը: