8 փետրվարի 2011 - 17:30 AMT
IFC-ն կաջակցի Հայաստանում բիզնեսի վարման պարզեցման ծրագրերի իրագործմանը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը փետրվարի 8-ին ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի խորհրդատվական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի «Ներդրումային միջավայր» ուղղության ղեկավար Լիզա Քեսթների գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, վարչապետը բարձր է գնահատել IFC-ի գործունեությունը Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ ու կարևորել ՀՀ կառավարության և Միջազգային ֆինանսական կորպորացիայի միջև արդյունավետ համագործակցության շարունակականության ապահովումը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են «Հայաստանում գործարարությամբ զբաղվելու բարեփոխումների և կանոնակարգման դաշտի պարզեցման ծրագրի» ընթացքն ու հետագա անելիքները։ Այդ համատեքստում կարևորվել է համագործակցության խորացումը հարկերի վճարման, անդրսահմանային առևտրի և տեսչական ստուգումների ոլորտներում։ Ընդգծվել է տեղական և միջազգային փորձագետների ներգրավման անհրաժեշտությունը ևս։

Անդրադառնալով հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումներին, նշվել է, որ 2010 թ. ընթացքում ՀՀ կառավարության կողմից կատարվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնց արդյունքում կրճատվել է տնտեսվարող սուբյեկտների կողմից հարկային հաշվետվությունների պատրաստման վրա ծախսվող ժամանակի 30 տոկոսը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, նշել է, որ 2011թ. հուվարի 1-ից հարկ վճարողները հնարավորություն են ստացել ավելացված արժեքի հարկի հաշվետվությունները ներկայացնել էլեկտրոնային եղանակով։

Երկուստեք կարևորվել է նաև նոր ստեղծվող բիզնեսի զարգացումը պարզեցնելու ուղղությամբ ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվելիք «Մեկ պատուհանի կանգառ» սկզբունքով իրավաբանական անձանց գրանցման համակարգի ներդրումը, ինչի արդյունքում գրանցման գործընթացը կկատարվի 3 օրում։ Համակարգի ներդրմամբ շահագրգիռ գերատեսչություններին հնարավորություն կընձեռվի էլեկտրոնային եղանակով փոխանակել տեղեկատվություն։