8 փետրվարի 2011 - 17:33 AMT
«Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում Ընտրական օրենսգրքի այլընտրանքային նախագիծ մշակել

«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը Հայաստանի քաղաքական ուժերին դիմում է Ընտրական օրենսգրքի այլընտրանքային, համատեղ ընդդիմական նախագիծ մշակելու կոչով, հաղորդում է կուսակցության մամլո ծառայությունը: Հաղորդագրության համաձայն, այդ նախաձեռնությունը պետք է հետաքրքրի այն քաղաքական ուժերին, որոնք կարևորում են երկրում ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը:

«Ժառանգության» կարծիքով` Ընտրական օրենսգրքի կառավարական նախագիծը ոչ թե գործող Ընտրական օրենսգրքի բարեփոխում է, այլ հասարակության ու քաղաքական ուժերի կողմից էլ ավելի անվերահսկելի և դրանով իսկ ընտրակեղծիքների ու այլ ընտրախախտումների ավելի լայն հնարավորություններ բացող առաջարկ և ընդամենը իրականացնում է 2008թ.-ից ի վեր ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևերում առկա պահանջների կատարման հերթական իմիտացիան: