8 փետրվարի 2011 - 18:59 AMT
Արցախում քննարկեցին գնաճի խնդիրները

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 8-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված հանրապետությունում գնաճի հետ կապված հարցերին: Երկրի ղեկավարը նշել է, որ գնաճի վերջին միտումները բացասական են ազդում բնակչության սոցիալական վիճակի վրա, և անհրաժեշտ է ըստ ամենայնի մեղմացնել այն: Այս համատեքստում Նախագահը կարևորել է առաջին հերթին պարենային ապրանքների գնաճի մեղմացումը՝ հատուկ ընդգծելով հացի գնի պահպանման անհրաժեշտությունը:

Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել կառավարությանը և շահագրգիռ մարմիններին այս ոլորտում իրականացվելիք աշխատանքների կապակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: