9 փետրվարի 2011 - 15:53 AMT
Հայաստանը կարող է հրաժարվել ամառային կամ ձմեռային ժամանակին անցում կատարելուց

Ամառային և ձմեռային շրջանում ժամերը փոխելու փորձը գոյություն ունի շատ երկրներում: Ամառային/ձմեռային ժամերին անցում կատարելու թեման վերաբերվում է բոլոր մարդկանց, քանի որ կապված է սթրեսի հետ, որն օրգանիզմն ապրում է:

Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net-ի թղթակցին Հայաստանի էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունը, համապատասխան օրինագիծը գտնվում է մշակման փուլում և ուղարկվել է բոլոր շահագրգիռ ատյաններին, որոնք պետք է ներկայացնեն իրենց առաջարկությունները և դիտողությունները: Դրանից հետո «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» նոր օրինագիծը ներկայացվելու է ՀՀ կառավարություն:

Պետք է նշել, որ Ռուսաստանը ձմեռային/ամառային ժամանակի անցում կատարելուց 30 տարի անց հրաժարվում է այդ պրակտիկայից, և 2011-ի աշնանից ռուսները ժամացույցի սլաքը մեկ ժամով ետ չեն տալու: Այդ մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, փետրվարի 8-ին երիտասարդ գիտնականների և 2010-ին կրթության և նորարարությունների ոլորտում ՌԴ նախագահի մրցանակի դափնեկիրների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը: