Մինչ ադրբեջանցիները հիստերիայի մեջ են հայ-իրանական հարաբերությունների պատճառով, Ահմադինեժադը հյուրընկալվելու է Հայաստանում

Մինչ ադրբեջանցիները հիստերիայի մեջ են հայ-իրանական հարաբերությունների պատճառով, Ահմադինեժադը հյուրընկալվելու է Հայաստանում

PanARMENIAN.Net - Արդեն որերորդ շաբաթն է, ինչ ադրբեջանցիներն «ահազանգում են» Հայաստանի և Իրանի զարգացող հարաբերությունների մասին: Բաքվում և Անկարայում պարբերաբար հակաիրանական ցույցեր են անցկացվում` նպատակ ունենալով ստիպել Թեհրանին երես թեքել Երևանից:

Օրինակ, փետրվարի 4-ին Անկարայում Իրանի դեսպանատան առջև անցկացվեց բողոքի ակցիա «Իրանի կողմից Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու և Հայաստանի հետ ԻԻՀ մտերմանալու դեմ»: Ակցիայի մասնակիցները, որոնց թվում կային ադրբեջանական արմատներ ունեցող Թուրքիայի քաղաքացիներ, սև ծաղկեպսակ դրեցին Իրանի դեսպանատան առջև:

Այսօր` փետրվարի 9-ին Բաքվում «Ադրբեջանի հանդեպ Իսլամական հանրապետության պաշտոնական անձանց անհարգալից վերաբերմունքի և Հայաստանի հետ ԻԻՀ մտերմացման դեմ» ցույցը բարեհաջող ցրվեց ոստիկանության կողմից: Ամենայն հավանականությամբ, ադրբեջանական իշխանություններն այդ կերպ ցանկացան ցույց տալ, որ ոչ մի կապ չունեն նման ցույցերի կազմակերպման հետ:

Դրա հետ մեկտեղ ենթադրություններ են հնչում, որ Իրանի դեմ բոլոր ցույցերը Բաքվի վախի արդյունքն են: Ադրբեջանում աճում է իսլամի ազդեցությունը, և Բաքվում մտավախություն կա, որ Իրանը հանգամանքների բերումով կարող է ապագայում իսլամական հեղափոխություն հրահրել:

Սակայն պետք չէ մոռանալ այն մասին, որ, ինչպես գրում էր ադրբեջանական «Էխո» թերթը, անցյալ տարվա աշնանը Ադրբեջանն Իրանին խնդրել էր ադրբեջանական բանակին Արաքս գետի երկայնքով Ֆիզուլիի, Ջեբրաիլի և Զանգելանի ուղղությամբ միջանցք տրամադրել հարձակման համար և կտրուկ մերժում ստացել անգամ չնայած այն բանին, որ ռազմական միջանցքի տրամադրման դիմաց ադրբեջանական կողմը Իրանին լիակատար չեզոքություն էր երաշխավորում Արևմուտքի հետ Իրանի պատերազմի դեպքում: Ըստ երևույթին, Բաքուն ոչ մի կերպ չի կարողանում ներել Թեհրանին այդ մերժումը:

Իսկ մինչ ադրբեջանցիները փորձում են Իրանին հարկադրել երես թեքել Հայաստանից, ԻԻՀ առաջնորդ Մահմուդ Ահմադինեժադը պատրաստվում է Երևան ժամանել: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը: Ավելին, դրանից հետո տեղի կունենա ՀՀ նախագահի պատասխան այցն Իրան, որտեղ Սերժ Սարգսյանը կմասնակցի Նովրուզին (պարսկական Նոր տարի) նվիրված միջոցառումներին: Սեյեդ Ալի Սաղայանն ընդգծել է, որ ակնկալվում են նաև Հայաստանի ու Իրանի խորհրդարանների խոսնակների և այլ պաշտոնյաների փոխադարձ այցերը:

Ըստ ամենայնի, Հայաստանին «վնասելու» Ադրբեջանի հերթական փորձը ձախողվել է:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---