10 փետրվարի 2011 - 10:45 AMT
Իրանի ֆուտբոլի հավաքականն ընկերական խաղում առավելության հասավ Ռուսաստանի հավաքականի նկատմամբ

Փետրվարի 9-ին Աբու Դաբիի «Heikh Zayed» մարզադաշտում Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն անցկացրեց 2011թ. իր առաջին հանդիպումը: Ընկերական հանդիպմանը Դիկ Ադվոկատի սաները մրցեցին Իրանի հավաքականի հետ, որտեղ հանդես է գալիս հայազգի ֆուտբոլիստ Անդրանիկ Թեյմուրյանը:

Ռուսաստանի հավաքականը գնդակ ընդունեց իր դարպասը խաղի ավարտին. 89-րդ րոպեին խաղի միակ գոլն իրացրեց և իր թիմին հաղթանակ բերեց Մոհամմադ Հալաթբարին:

Ընկերական խաղում զիջեց նաև Հայաստանի հավաքականը, որը Կիպրոսում 1:2 հաշվով պարտություն կրեց Վրաստանի հավաքականից: Եվրոպայի առաջնության խմբային փուլի հանդիպումից առաջ, որը տեղի կունենա մարտի 26-ին Երևանում, Հայաստանի ու Ռուսաստանի հավաքականները կփորձեն ցուցադրել իրենց լավագույն խաղն ու հաղթել:

B խմբում Հայաստանի մրցակիցներից հաղթանակ է տարել միայն Իռլանդիայի հավաքականը. Ջովանի Տրապատոնիի սաները 3 անպատասխան գնդակ ուղարկեցին հակառակորդի դարպասը: Սլովակիայի հավաքականը հյուրընկալվեց «Ժոզի Բարտել» մարզադաշտում, որտեղ հանդիպեց Լյուքսեմբուրգի հավաքականի հետ և զիջեց 1:2 հաշվով: Մակեդոնիայի հավաքականը նվազագույն հաշվով զիջեց Կամերունի հավաքականին:

Հիշեցնենք, որ B խմբում բարդ իրավիճակ է ստեղծվել, խմբի առաջատարը` Ռուսաստանի հավաքականն ունի 9 միավոր, Հայաստանի, Սլովակիայի և Իռլանդիայի հավաքականները` 7-ական միավոր: