12 փետրվարի 2011 - 11:42 AMT
Ո՞ւմ է փորձում խաբել Ալիևը՝ ասելով, թե Բաքուն փորձում է լուծել ղարաբաղյան հարցը խաղաղ ճանապարհով

«Բանակցությունները ղարաբաղյան կարգավորման շուրջ շարունակվում են, դեռևս անարդյունք: Մենք մեր կողմից փորձում ենք հարցը լուծել խաղաղ ճանապարհով: Սակայն, միևնույն ժամանակ, մենք չենք բացառում մյուս բոլոր տարբերակները: Ադրբեջանը հզորացել է, վերջին տարիներին նա մեծ ու փառահեղ ճանապարհ է անցել տնտեսական զարգացման ու ռազմական ներուժի ամրապնդման տեսակետից»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ըստ նրա, այսօր Ադրբեջանը ուժեղ բանակ ունի, որը ցանկացած պահին «կարող է ռազմական ճանապարհով ազատագրել իր հողերը»: «Այդ գործոնը դրական դեր է կատարում բանակցություններում: Սակայն, Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշումը և բանակցությունների ձգձգման մարտավարությունը դեռևս թույլ չի տալիս լուծել այդ հարցը: Սակայն, Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը անպայման տեղի կունենա, մեր դիրքորոշումն առավելություն ունի բոլոր միջազգային կազմակերպություններում, միջազգային իրավունքի նորմերը մեր կողմն են: Մենք կշարունակենք մեր տարածքային ամբողջականության վերականգնմանն ուղղված ջանքերը»,-ասել է Ալիևը, ընդգծելով, որ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը բանակցությունների առարկա չի հանդիսանում»: