13 փետրվարի 2011 - 15:08 AMT
Անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանը շուրջ 150 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը

Համաձայն ԼՂՀ Պաշտպանության Բանակի օպերատիվ տվյալների հունվարի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 150 դեպք, որի ընթացքում հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 700 կրակոց: Հատկանշական է, որ ի տարբերություն նախորդ խախտումների, անցած յոթնօրյակում ադրբեջանական ուժերն իրենց նախահարձակ գործողություններում բացի այլ հրաձգային զինատեսակներից, առավել հաճախակի են կիրառել "СВД" և "Սև նետ" տիպի դիպուկահար հրացաններ:

Չնայած հակառակորդի դրսևորած նկատելի ակտիվությանը, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շփման գծի բոլոր հատվածներում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և, միաժամանակ, վստահորեն իրականացրել իրենց վերահսկողության տակ գտնվող դիրքերի պաշտպանությունը, հաղորդում է ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը: