13 փետրվարի 2011 - 17:09 AMT
Չնայած Մուբարաքի հրաժարականին՝ Եգիպտոսում շարունակվում են բողոքի ակցիաները

Չնայած Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականին՝ Կահիրեում շարունակվում են բողոքի ակցիաները: Բանկերի աշխատողները, լրագրողները և նույնիսկ ոստիկանները դուրս են եկել եգիպտական քաղաքների փողոցներ՝ պահաջելով աշխատավարձերի բարձրացում և աշխատանքի պայմանների բարելավում: Եգիպտոսի Ազգային բանկի հարյուրավոր աշխատողներ վաղ առավոտից հավաքվել են բանկի մոտ: Ցուցարարները պահանջում են աշխատավարձի բարձրացում և բանկի տնօրինության խորհրդի լուծարում, «որի պատճառով բանկն արդեն երրորդ տարին կորուստներ է կրում»: Ցուցարարները հավաստիացնում են, որ առաջիկայում նման ակցիաները տեղի են ունենալու բանկի այլ մասնաճյուղերում: Կահիրեի կենտրոնում՝ ներքին գործերի նախարարության շենքի մոտ հավաքվել են ոստիկանության աշխատողներ, որոնք պահանջում են բարձրացնել աշխատավարձը և բարելավել աշխատանքի պայմանները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը, որը 30 տարի կառավարել է Եգիպտոսը, անցած ուրբաթ հրաժարական տվեց ժողովրդական ցույցերից 18 օր հետո:

Նրա հրաժարականին հաջորդեց տնտեսական և սոցիալական իրավիճակի անկում, ներքին անվտանգության համակարգի թուլացում: Նախագահն իշխանությունը հանձնել է Եգիպտոսի ԶՈՒ գերագույն խորհրդին, որը գլխավորում է պաշտպանության նախարար Հուսեյն Տանտավին: