14 փետրվարի 2011 - 17:12 AMT
Ազատ ոճի հայ ըմբիշները Ստամբուլից վերադարձան 3 մեդալներով

Ստամբուլում ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի Գրան պրին, որին մասնակցել է նաև Հայաստանի հավաքականը:

Մինչև 74 կգ քաշային կարգում հաղթող է դարձել Հայաստանի ներկայացուցիչ Մուսա Մուրթազալիևը: Նա բոլոր մենամարտերում վստահ հաղթանակներ է տարել: Ծանրքաշայինների դեմ պայքարում Ռուսլան Բասիևը դուրս է եկել եզրափակիչ, բայց այնտեղ պարտություն կրել և Հայաստանի հավաքականին բերել արծաթե մեդալ: 55ք/կ-ում Միհրան Ջաբուրյանը երրորդ տեղն է գրավել:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդասարյանը նշել է, որ դժգոհ է Ժիրայր Հովհաննիսյանի, Սուրեն Մարկոսյանի և Վադիմ Լալիևի ելույթներից:

«Մնացած մարզիկների ելույթներից գոհ եմ, քանի որ նրանք ամեն ինչ արել են իրենց հնարավորությունների սահմաններում»,- ասել է նա:

Ազատ ոճի ըմբիշները մեկնելու են Վրաստան, որտեղ փետրվարի 18-ից մարտի 5-ն անցկացնելու են համատեղ հավաք այդ երկրի հավաքականի հետ, որից հետո մարզիկները մարզվելու են անհատապես: Եվրոպայի առաջնությունից առաջ նախապատրաստական աշխատանքները, որը տեղի է ունենալու մարտի 27-30-ը Դորտմունդում, անցկացնելու են Երևանում: