17 փետրվարի 2011 - 14:03 AMT
2011թ. Հայաստանում հնարավոր են ցնցումներ, գտնում է Արամ Սարգսյանը

Եթե Հայաստանի իշխանությունները իրական քայլեր չձեռնարկեն սոցիալական խնդիրները շտկելու ու տնտեսությունը զարգացնելու համար, Հայաստանում կարող են սոցիալական ցնցումներ լինել: Այդ մասին հայտարարել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: Նա հավելել է, որ եթե իշխանությունների այս քաղաքականությունը շարունակվի, դա կհանգեցնի արտագաղթի ավելացմանը, կամ ժովովրդի ընդվզմանը, ինչպես դա եղավ արաբական երկրներում: Ըստ նրա, նախագահ Սերժ Սարգսյանը պետք է վճռական քայլեր ձեռնարկի օլիգարխների հարցում՝ բոլորի համար սահմանելով խաղի «նույն կանոնները»:

Արամ Սարգսյանը նշել է, որ տարօրինակ է համարում կոալիցիոն կուսակցությունների նոր հուշագիր ստորագրելու ձգտումը, որտեղ կնշվի, որ կոալիցիոն կուսակցությունները ընտրություններից երկու տարի առաջ մտադիր են սատարելու այս կամ այն թեկնածուին: Ըստ Սարգսյանի, առաջին հերթին, դա ոչ մի երաշխիք չի տա, որ քաղաքական իրավիճակի փոփոխման դեպքում, կուսակցությունների պլանները չեն փոխվի, երկրորդը, երկրի նախագահը պետք է հենվի ժողովրդի աջակցության վրա, ոչ թե քաղաքական ուժերի:

Նա հավելել է, որ հաշվի առնելով այն պայմանները, երբ կուսակցություններին պարտադրվում է կոալիցիոն հուշագրի ստորագրումը, «Բարգավաճ Հայաստանը» ճիշտ կվարվի, եթե դուրս գա կոալիցիայի կազմից: