17 փետրվարի 2011 - 14:25 AMT
Գարու արտադրության զարգացման համար Հայաստանը Ռուսաստանից և Ուկրաինայից կգնի 2 հազար տոննա սերմացու

ՀՀ կառավարությունը փետրվարի 17-ի նիստում հաստատել է Հայաստանում գարու արտադրության զարգացման 2011թ. ծրագիրը, որի իրականացման նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը թույլատրվել է Ուկրաինայից և Ռուսաստանից ձեռք բերել և ներկրել գարնանացան գարու առաջին վերարտադրության 2 հազար տոննա սերմացու։ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ սերմացուն գյուղացիներին է տրամադրվելու անվճար, որպես սոցիալական փաթեթ։ Սերմացուի տեսքով այդ օժանդակությունն ստանալու է 14 հազար գյուղացիական տնտեսություն։ Ծրագրի շնորհիվ զգալիորեն կընդլայնվեն մշակվող հողատարածությունները։ Չի բացառվում, որ պահանջարկի դեպքում ներկրվելիք սերմացուի քանակն ավելանա ևս հազար տոննայով։ Վարչապետը ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը պարտավորեցրել է ամեն ինչ անել, որպեսզի պետության հատկացրած միջոցները չփոշիանան, և գործընթացն իրականացվի պատշաճ վերահսկողությամբ։ Վարչապետը հավելել է, որ Հայաստանում 2011-ին գյուղատնտեսության ոլորտում ակնկալվում է 10 տոկոս աճ: