17 փետրվարի 2011 - 14:47 AMT
Համլետ Շառոյանը պարգևատրվել է Սփյուռքի նախարարության «Ոսկե մեդալ»-ով

Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ» «Կռունկ» հայկական համայնք» տարածաշրջանային հասարակական կազմակերպության նախագահ Համլետ Շառոյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Ոսկե մեդալ»-ով: Շառոյանը պարգևատրվել է Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նշանակալի ծառայություններ մատուցելու, Սփյուռքում հայապահպանության գործում ունեցած զգալի ավանդի, Սարատովում հայկական մշակույթի կենտրոնի և Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցմանն աջակցելու, բարեգործական գործունեության համար:

Հ.Շառոյանը Սարատովի մարզի ամենախոշոր ճանապարհաշինարարական ընկերություններից մեկի ղեկավարն է, ակտիվ հասարակական գործիչ, բարեգործ, իսկ 2008 թվականից Սարատովի մարզի հայ համայնքի նախագահն է:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Սարատովի մարզի հայ համայնքի կրթական, մշակութային և այլ ոլորտներին առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ կատարվեց Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ կատարելու հնարավորություններին: Նախարար Հ.Հակոբյանը պատրաստակամություն հայտնեց բոլոր հնարավոր միջոցներով աջակցել Հայրենիքում գործարարությամբ զբաղվելու, ներդրումներ կատարելու ցանկացած նախաձեռնության, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: