18 փետրվարի 2011 - 13:12 AMT
Իշխող կոալիցիան ստորագրեց հայտարարությունը՝ վախենալով Հայաստանում Եգիպտոսի և Թունիսի սցենարների կրկնությունից

Հայաստանի կոալիցիոն ուժերի հայտարարության ստորագրումը պայմանավորված է երկրում Եգիպտոսի և Թունիսի դեպքերի կրկնության վախով, որտեղ հակակառավարական ցույցերը հանգեցրին իշխանափոխության: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը:

«Եթե կոալիցիոն ուժերն իսկապես գործընկերներ են, մեկ թիմ, ապա նման հարց չպետք է լիներ (գալիք նախագահական ընտրություններում միասնական թեկնածուի աջակցություն)»,- ասել է Պասկևիչյանը: Նրա խոսքերով, հայտարարության ստորագրումն իշխանության ուժերը համախմբելու փորձ է:

Իր հերթին, վերլուծաբան Արթուր Պեպանյանը հայտարարել է, որ կոալիցիոն հայտարարությունն ուժեղ հարված հասցրեց Հայաստանում իշխանության համակարգում ուժերի երկրորդ բևեռ ստեղծելու փորձերին: «Հաշիվը դարձավ 2:0: Նախագահ Սարգսյանը հաղթեց, բայց պարտվեց ժողովուրդը»,- ասել է Պեպանյանը:

Փետրվարի 17-ին ՀՀ նախագահի նստավայրում քաղաքական կոալիցիայի կողմերի` Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Օրինաց երկիր» կուսակցության միջև ստորագրվել է «Քաղաքական կոալիցիայի հայտարարություն»: Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից այն ստորագրել է ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և «Օրինաց երկիր» կուսակցության կողմից` ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ արդեն երեք տարի է Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» կուսակցությունները կազմել են քաղաքական կոալիցիա, որն իր վրա է վերցրել Հայաստանի Հանրապետության քաղաքական, տնտեսական, սոցիալական զարգացման պատասխանատվությունը: «Կոալիցիոն գործընկերները համոզված են, որ փոփոխությունների իրականացման հետևողականությունն առավել կմեծացնի կոալիցիայի քաղաքական դերակատարությունն ու նրա հանդեպ հասարակության վստահությունը` հանգեցնելով խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կոալիցիայի ներկայացվածության աճին: Ավելին, քաղաքական կոալիցիան նախագահական ընտրություններում հանդես կգա միասնական թեկնածուով` ի դեմս գործող նախագահի, դրանով իսկ երաշխիքներ ստեղծելով ապահովելու փոփոխությունների հետագա շարունակականությունն ու մեր երկրի կայուն առաջընթացը հաջորդող հինգ տարիների ընթացքում»,-ասվում է կոալիցիայի հայտարարության մեջ: