18 փետրվարի 2011 - 14:53 AMT
Ստեփան Սաֆարյան. Կոալիցիայի հայտարարությունը վկայում է ընտրությունները կեղծելու մտադրության մասին

Կոալիցիոն կուսակցությունների համատեղ հայտարարությունը վկայում է առաջիկա խորհդարանական և նախագահական ընտրությունները կեղծելու մտադրության մասին: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: «Ես զարմանում եմ, որ կարելի է հայտարարություն ստորագրել, որն ամոթալի է ոչ միայն երկրի, այլ նաև այն ստորագրած կուսակցությունների համար: Ուժերի հարաբերակցությունը փոխում են ոչ թե կուսակցությունները, այլ ժողովուրդը»,-ասել է նա:

Ըստ Սաֆարյանի, կոալիցիոն համատեղ հայտարարության մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարից առաջ, սակայն որոշ անհարմարություններից խուսափելու համար, այն ժամանակ նման հայտարարություն չարվեց: Ստեփան Սաֆարյանը նշել է, որ «Ժառանգությունը» ձգտում է համագործակցել այլ ընդդիմադիր ուժերի հետ, սակայն ՀՅԴ-ն, «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը աշխատում են տարբեր սոցիալական խմբերի հետ և կա ընդհանուր օրակարգի ստեղծման խնդիր: