18 փետրվարի 2011 - 15:56 AMT
Հայաստանի խոշոր հարկ վճարողների ապրանքի իրացումից հասույթը 2010թ. դեկտեմբեր ամսին աճել է 21.8 %-ով

Հայաստանի խոշոր հարկ վճարողների ապրանքի իրացումից հասույթը 2010թ. դեկտեմբեր ամսին կազմել է 239.5 մլրդ դրամ կամ նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է 21.8 %-ով: Այդ մասին ասվում է ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2010թ. դեկտեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշները» վերլուծությունում: Մոնիտորինգն անցկացվել է Հայաստանի 343 հարկ վճարողների շրջանում: Ընդ որում, հարկ է նշել, որ նշված ցուցանիշի առումով աճ արձանագրվել է 186 կազմակերպությունների մոտ` 58.9 մլրդ դրամով և նվազել 134-ի մոտ` 23.3 մլրդ դրամով:

Վերլուծության տվյալների համաձայն, 2010թ. դեկտեմբերին հարկային մարմնի կողմից կատարվել են 80 հարկային ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ 2760.7 մլն դրամի չափով:

Աշխատողների միջին ցուցակային թիվը 2010թ.-ի դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է 2.8 %-ով և կազմել է 115 448 մարդ: Ինչ վերաբերվում է աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների ցուցանիշին, ապա այս տարվա դեկտեմբերին արձանագրվել է 13.1 % աճ նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա նկատմամբ: