18 փետրվարի 2011 - 17:50 AMT
ԵՄ-ն Հայաստանին €100 մլն կհատկացնի համաշխարհային ճգնաժամի հետևանքների հաղթահարման համար

Եվրամիության տնտեսական և արժույթի հարցերով հանձնակատար Օլի Ռեյնը հուշագիր է ստորագրել Հայաստանին €100 մլն-ի մակրոֆինանսական աջակցություն (MFA) տրամադրելու վերաբերյալ: Ընդ որում, €65 մլն-ը կտրամադրվի վարկի, €35 մլն-ը` դրամաշնորհի տեսքով:

ԵՄ ֆինանսավորումն ուղղված է Հայաստանի կողմից համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարմանն ուղղված` ԱՄՀ-ի հետ համաձայնեցված ծրագրի օժանդակությանը: ԵՄ օժանդակության մի մասը թույլ կտա ֆինանսավորել 2011թ. ՀՀ վճարային հաշվեկշիռը, ինչպես նաև իրականացնել միջնաժամկետ հեռանկարում կայուն աճին ուղղված բարեփոխումներ:

€40 մլն ծավալի առաջին տրանշը կհատկացվի այն ժամանակ, երբ ՀՀ խորհրդարանը կվավերացնի հուշագիրն ու վարկային համաձայնագիրը: Ֆինանսավորման մնացած մասի տրամադրումը նախատեսված է 2011թ. աշնանը: