18 փետրվարի 2011 - 18:43 AMT
Երևանում ընթացող ՀԱԿ-ի հանրահավաքի հիմնական թեման տնտեսական խնդիրներն են

Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքն անցնում է Մատենադարանի մոտ: Ինչպես իրադարձությունների վայրից հայտնում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, հանրահավաքին մասնակցում է մի քանի հազար մարդ: Ինչպես իր ելույթում նշել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, այսօրվա հանրահավաքի հիմնական թեման տնտեսական խնդիրներն են: Նա նշել է, որ փետրվարի 19-ը «սև օր է հայ ժողովրդի համար», քանի որ 2008թ. այդ օրը տեղի ունեցան նախագահական ընտրությունները, որոնք, ըստ Մանուկյանի, կեղծվեցին: «Այդ ընտրությունների արդյունքները մենք քաղում ենք այսօր»,-հայտարարել է նա և հավելել, որ հանրահավաքը վկայում է այն մասին, որ ՀԱԿ-ը լուրջ քաղաքական ուժ է:

Իր հերթին ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կոչ է արել հանրահավաքի մասնակիցներին դուրս գալ հեղափոխական պայքարի ու բերել է Եգիպտոսի, Թունիսի ու Ղրղզստանի օրինակը: ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ երկրի իշխանությունները ցանկանում են բարդել ղարաբաղյան պատերազմում ակնկալվող պարտությունը այն քաոսի վրա, որն, իբր, ընդդիմությունն է առաջացրել: