20 փետրվարի 2011 - 17:04 AMT
Վրաստանը Հայաստանի հետ հարաբերություններն անվանում է գործընկերային, իսկ Ադրբեջանի հետ՝ ռազմավարական

ԼՂ հակամարտությունը չկարգավորելը Հարավային Կովկասում ստեղծում է կայունության սպառնալիք: Այդ մասին ասվում է Վրաստանի Ազգային անվտանգության հայեցակարգի նոր նախագծում: Civil Georgia-ի տվյալների համաձայն, Հարավային Կովկասում համագործակցության համատեքստում խոսվում է Հայաստանի և Ադրբեջանի հետ սերտ գործընկերային հարաբերությունների խորացման մասին: «Չնայած գոյություն ունեցող հակասություններին՝ Հարավային Կովկասի երկրների միջև առկա է համագործակցության պոտենցիալ»,- ասվում է հայեցակարգի նախագծում: Նշվում է նաև, որ Ադրբեջանի հետ համագործակցությունը «ձևավորվել է ռազմավարական գործընկերության տեսքով», և «Վրաստանին Հայաստանի հետ կապում է սերտ գործընկերություն ընդհանուր շահերի ոլորտում»: Վրաստանը նաև ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը:

Վրաստանի Ազգային անվտանգության հայեցակարգի նոր նախագիծը նախատեսվում է հաստատել խորհրդարանում ընթացիկ գարնանային նստաշրջանի շրջանակներում: