21 փետրվարի 2011 - 16:37 AMT
Վերջին 2 օրվա ընթացքում Ադրբեջանի բանակում երկու ԱՊ է տեղի ունեցել` 8 սպանված, 5 վիրավոր

Միայն վերջին երկու օրերի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ում 2 արտակարգ պատահար է գրանցվել: ԼՂՀ Պաշտպանության բանակի հետախուզական տվյալների համաձայն, բացի ադրբեջանական բանակի զորամասում տեղի ունեցած մահացու ելքով արտակարգ միջադեպից, ևս մեկ միջադեպ է գրանցվել Ադրբեջանի բանակի` Մարտակերտի ուղղությամբ գտնվող հենակետում: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց ԼՂՀ Պաշտպանության բանակի մամլո քարտուղար Սենոր Հասրաթյանը, նախնական տվյալներով, ադրբեջանցի զինծառայողի կողմից նռնակի հետ անզգույշ վարվելակերպի արդյունքում 4 զինվորներ վիրավորվել են, մեկի վիճակը ծանր է:

«Վերջին երկու օրվա ընթացքում գրանցված արտակարգ պատահարները, որոնք արդյունքում զոհվել է 8, վիրավոր է 5 զինծառայող, խոսում է այն մասին, որ Ադրբեջանի ԶՈՒ հրամանատարությունը չի վերահսկում իրադրությունը սեփական բանակում»,- ասել է Հասրաթյանը:

Ինչպես հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները, մեկ զինվոր յոթ զինծառայողի է գնդակահարել Ադրբեջանի արևմուտքում գտնվող Գոյ Գոլ շրջանի ռազմակայանում: Նույնպիսի մի դեպք տեղի էր ունեցել 2010 թվականի հունվարին, երբ երկու զինվորներ ռազմակայանում գնդակահարել էին չորս սպաների: