22 փետրվարի 2011 - 10:32 AMT
Մահմեդական աստվածաբանը կոչ է արել սպանել Մուամար Քադաֆիին

Լիբիական սահմանային զորքերը լքել են լիբիա-եգիպտական սահմանը նրա ողջ երկայնքով: Այժմ սահմանն ամբողջությամբ բաց է:

Որոշ տվյալների համաձայն, Քադաֆին ներկա պահին գտնվում է Սիրտ քաղաքի իր նստավայրում, որտեղից փորձում է ղեկավարել իրեն հավատարիմ մնացած ռազմաօդային ուժերի գործողությունները, որոնք հարձակումներ են իրականացնում ընդդիմության դիրքերի վրա, այդ թվում` Տրիպոլիում: Լիբիայի ԶՈւ գլխավոր հրամանատար Աբու Բաքր Յունիս Ջաբերը գտնվում է տնային կալանքի տակ երկիրը համակած հակակառավարական ելույթներին դիմակայելու անկարողության պատճառով:

Երկրի ողջ տարածքում անջատված է հեռախոսային կապը: Տարբեր երկրներում Լիբիայի մի քանի դեսպաններ հրաժարական են տվել` նման կերպ բողոքելով ցուցարարների նկատմամբ բռնության դեմ: Մահմեդական աստվածաբանների համաշխարհային միության ղեկավար Յուսուֆ ալ-Քարդավին կոչ է արել Լիբիայի զինծառայողներին սպանել պետության ղեկավար Մուամար Քադաֆիին առաջին իսկ հնարավորության դեպքում: Նա առաջարկել է յուրաքանչյուր զինվորի «սեղմել ձգանը և սպանել Քադաֆիին նվազագույն հնարավորության դեպքում»:

Լիբիայում անկարգությունները սկսվել են փետրվարի 15-ին: Ցուցարարները պահանջում են պետության ղեկավար Մուամար Քադաֆիի հրաժարականը: Իրավապաշտպանների կարծիքով, բախումների հետևանքով մահացել է մոտ 233 հոգի: Պաշտոնապես իշխանությունները հաստատում են 48 հոգու մահը: