22 փետրվարի 2011 - 11:32 AMT
Օտտավայում տեղի կունենա բողոքի ակցիա Հայաստանի հանդեպ Բաքվի ագրեսիվ քաղաքականության դեմ

Փետրվարի 22-ին Կանադայում Ադրբեջանի դեսպանատան մոտ տեղի կունենա բողոքի ակցիա` կազմակերպված Կանադայի երիտասարդական ֆեդերացիայի (AYF) և «Արմեն Կարո» ուսանողական ասոցիացիայի կողմից: Ցույցին մասնակցելու են մի քանի հարյուր ուսանողներ ողջ երկրից` բողոքելով Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության դեմ:

Ակցիան տեղի է ունենալու Սումգայիթում հայկական ջարդերի 23-ամյա տարելիցից մի քանի օր առաջ, որոնք տեղի են ունեցել 1988-ի փետրվարի 27-ին: Սումգայիթի ողբերգությունն առաջին արյունալի միջադեպն էր, որը հանգեցրել է Ադրբեջանի 450-հազարանոց հայ համայնքի արտաքսմանը: AYF հայտարարությունում նշվում է, որ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում ԼՂՀ դեմ ագրեսիայի, Նախիջևանի հայկական խաչքարերի ոչնչացման համար, որոնք մտել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակի մեջ: