22 փետրվարի 2011 - 14:01 AMT
Լիբիայում գտնվող Հայաստանի երեք քաղաքացիները անվտանգության մեջ են

Արտգործնախարարության հետ ներկա դրությամբ կապվել են Հայաստանի երեք քաղաքացիներ, որոնք գտնվում են Լիբիայում: Այդ մասին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: «Նրանք բոլորը տարվել են անվտանգ վայր, և նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: ՀՀ ԱԳՆ-ն սերտ կապի մեջ է Մերձավոր Արևելքի երկրներում ՀՀ դեսպանատների հետ»,- ասել է Բալայանը:

Նախօրեին ՀՀ ԱԳՆ-ի հետ կապվել է Լիբիայում գտնվող Հայաստանի մեկ քաղաքացի:

Լիբիայում անկարգությունները սկսվել են փետրվարի 15-ին: Ցուցարարները պահանջում են պետության ղեկավար Մուամար Քադաֆիի հրաժարականը: Իրավապաշտպանների կարծիքով, բախումների հետևանքով մահացել է մոտ 233 հոգի: Պաշտոնապես իշխանությունները հաստատում են 48 հոգու մահը: