22 փետրվարի 2011 - 14:43 AMT
Ռոբերտ Ամիրխանյան. Հայկական երաժշտական շուկան լի է անճաշակությամբ

Իրեն հարգող ոչ մի հայ կոմպոզիտոր երբեք հանդես չի գա հայտարարությամբ այն մասին, թե սիրում է ադրբեջանական երաժշտություն և որ դա իր էության մեջ է, քանի որ նա շատ լավ պետք է իմանա հայկական երաժշտությունը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ժողովրդական արտիստ, Հայաստանի Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը` մեկնաբանելով երգահան Վահրամ Պետրոսյանի հայտարարությունը: Նրա խոսքերով, երևում է, Պետրոսյանը զբաղվում է միայն բիզնեսով և կողմնորոշվում է երաժշտության ոլորտում զուտ շուկայի պահանջարկով: «Իսկ հայկական շուկայում առաջարկվող ապրանքն ամենաէժանն է, այդտեղ էլ հայտնվում է ադրբեջանական երաժշտությունը»,- ասել է նա և հավելել, որ հայկական շուկայում առաջարկվող երաժշտությունը կապված է ադրբեջանական երաժշտության հետ, որում գերիշխում են արաբա-իրանական մուղամի տարրերը: «Իսկ հայկական երաժշտությունը քրիստոնեական է, որն ունի իր սկզբունքները»,- նշել է հայ կոմպոզիտորը: Նրա խոսքերով, հայկական երաժշտության շուկան լի է անճաշակությամբ, ոչինչ չասող տեքստերով, որոնք ոչ մի կապ չունեն հայկական ազգային երաժշտության հետ:

«Եթե երիտասարդը հայտարարում է, որ սիրում է ադրբեջանական երաժշտություն, ապա նա կարող է սիրել ամեն ինչ: Պետք է նկատի ունենալ, որ Բաքուն փորձում է յուրացնել հայկական մշակույթը»,- նկատել է նա և հավելել, որ պետք է հիշել, որ Ադրբեջանը փորձում է ոչնչացնել հայկական մշակութային արժեքները: