22 փետրվարի 2011 - 14:46 AMT
ԿԱՐԾԻՔ
Ադրբեջանն ևս մեկ առիթ է գտել Իրանի դեմ հանդես գալու համար

Ադրբեջանի Քաղաքացիների և զարգացման ընդդիմադիր կուսակցությունը հայտարարություն է ընդունել Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ, որը նշվում է փետրվարի 21-ին: Փաստաթղթում կուսակցությունը բողոքում է «ճնշումների դեմ, որոնց ենթարկվում է ադրբեջանական լեզուն հարևան Իրանում»: «Իրան կոչեցյալ տարածքում, որտեղ իրենց պատմական հողերի վրա ապրում են երկրի բնակչության կեսից ավելին կազմող ադրբեջանական թուրքերը, չկա ադրբեջանական լեզվով ոչ մի դպրոց: Իրանում 85 տարի ապրող ազգությամբ ոչ պարսիկ քաղաքացիները զրկված են կրթություն ստանալու, թերթեր և ամսագրեր հրատարակելու, մայրենի լեզվով մշակութային միջոցառումներ անցկացնելու իրավունքից»,- ասվում է հայտարարությունում, գրում է 1news.az-ը:

Հայտարարությունը զրկում է Իրանին ոչ միայն սեփական ներքին քաղաքականությունը վարելու իրավունքից, այլ նաև երկրի անունից` «Իրան կոչեցյալ տարածքներ»: Չնայած Բաքվի հավաստիացումներին այն մասին, որ «երկու եղբայրական երկրների միջև տարաձայնություններ չկան», իրականում ամեն ինչ հակառակն է: Տարբեր երկրներում Իրանի դեսպանատների մոտ շարունակվող ակցիաները, «Ադրբեջանի ներքին գործերին Իրանի խառնվելու» մասին մտացածին մեղադրանքները, և, հատկապես, Իրան-Հայաստան կապերի ամրապնդումը գրգռում են Բաքվին: Այդ դեպքում Թեհրանի ցանկացած գործողություն Բաքվում գնահատվելու է որպես հակաադրբեջանական: Եվ քանի որ Ադրբեջանն ուժեղ հարևանի հետ բացահայտ առճակատման չի գնա, մնում են միայն չկայացած կուսակցությունների մանր խայթոցները: