22 փետրվարի 2011 - 17:44 AMT
«Ֆինանս». 2011թ.Ռուսաստանի 500 ամենահարուստ մարդկանց ցանկում ավելացել է հայ գործարարների թիվը

Ռուսական «Ֆինանս» ամսագիրը անվանել է 2011թ.Ռուսաստանի 500 ամենահարուստ մարդկանց, որոնց ցանկում հայ գործարարների թիվը ավելացել է 4-ով: Ըստ ամսագրի ՌԴ ամենահարուստ հայ գործարարը «Տաշիր» խմբի հիմնադիր ու նախագահ Սամվել Կարապետյանն է 1,1 մլրդ դոլար կարողությամբ (98-րդ տեղը): «Ռոսգոսստրախի» սեփականատեր հանդիսացող Դանիլ և Սերգեյ Խաչատուրովների կարողությունը գնահատվում է 1,1 մլրդ դոլար: Վարկանիշում Խաչատուրով եղբայրները զբաղեցնում են համապատասխանաբար 102-րդ և 103-րդ տեղերը: «Ռեսո» և «Ռեսո-գարանտիա» խմբերի սեփականատեր հանդիսացող Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովների կարողությունը գնահատվում է 1 մլրդ դոլար՝ նրանք համապատասխանաբար 111 և 112-րդ տեղերում են:

Հայ բարերար, «Տրոյկա դիալոգ» ընկերության հիմնական սեփականտեր ու տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը հայտնվել է 174-րդ ցուցակում: Նրա կարողությունը կազմում է 610 մլն դոլար:

«Զենիթ» բանկի համասեփականատեր Իգոր Ավանեսյանը 275-րդ տեղում է: Նրա կարողությունը գնահատվում է 360 մլն դոլար: 299-րդ տեղում է ձեռնարկատեր Աշոտ Եղիազարյանը 320 մլն դոլարով:

190 մլն դոլար կարողությամբ վարկանիշի 430 և 439-րդ տեղերում են «Ցենտրալ պարտներշիփ» ընկերության նախագահ ու հիմնադիր Ռուբեն Դիշդիշյանն ու «Բորոդինո» հորլդինգի համասեփականատեր Տիգրան Ներսիսյանը: