
Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովում կազմակերպության անդամ երկրների տարածքում հակամարտությունների հարցում առաջընթացի բացակայությունը լրացուցիչ խթան կդառնա Լիտվայի նախագահության ակտիվ աշխատանքի համար: Այդ մասին Բաքվում հայտնել է երկարաձգված հակամարտությունների հարցերով ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցիչ Գեդրյուս Չեկուոլիսը:
«Սա դիվանագիտության մեջ առաջին դեպքը չէ, երբ չի հաջողվում իրագործել այն ամենը, ինչ ի սկզբանե ծրագրված էր: Մենք պետք է ավելի ակտիվ աշխատենք այս տարի, որպեսզի Վիլնյուսում դեկտեմբերին կայանալիք նախարարական հանդիպմանը հաջողվի նման փաստաթուղթ համաձայնեցնել, որտեղ կամփոփվի Լիտվայի աշխատանքի արդյունքը»,- ասել է Չեկուոլիսը:
Նրա խոսքով, բոլոր երեք հակամարտությունները` ղարաբաղյան, վրացական և մերձդնեստրյան, վերաբերում են այս տարվա իր մանդատին, և երեքի ուղղությամբ էլ դիտարկվելու է աջակցելու ցանկացած հնարավորություն:
Մինսկի խումբը, դեսպանի խոսքով, լավ գործիք է, սակայն յուրաքանչյուր գործիք կարելի է անվերջ կատարելագործել: Մինսկի խմբի աշխատանքում Չեկուոլիսը կցանկանար ավելի շատ ջանքեր տեսնել հակամարտող կողմերի քաղաքական կամքի արտահայտման ուղղությամբ: «Քաղաքական կամքը պակասում է, և մենք հույս ունենք արթնացնել այդ կամքը: Մինսկի խումբն ընդունակ է դրան,- ասել է նա:- Մենք հավատում ենք, որ այս խումբը կկարողանա առաջ գնալ շատ հարցերում, իհարկե, բարենպաստ քաղաքական հանգամանքներում»: Կարգավորման ավելի կոնկրետ միջոցները դեսպանը գերադասեց չհնչեցնել, քանի որ բոլոր նախաձեռնությունները դեռևս պետք է քննարկվեն, հաղորդում է Trend-ը: