23 փետրվարի 2011 - 10:58 AMT
Արցախի նախագահ. Մեր ժողովուրդն իր զավակների արյան գնով է նվաճել սեփական հողի վրա ազատ ու անկախ ապրելու իրավունքը

«Փետրվարի 23-ն Արցախում նշվում է որպես համաժողովրդական տոն, քանի որ մեր ողջ ժողովուրդը մեկ մարդու պես զինվորագրվել էր հայրենիքի պաշտպանության գործին, հերոսաբար դիմագրավել թշնամու ոտնձգություններին և իր զավակների արյան գնով նվաճել սեփական հողի վրա ազատ ու անկախ ապրելու իրավունքը: Հայրենիքի նվիրյալների հիշատակը միշտ վառ կմնա սերունդների հիշողության մեջ»,- ասվում է Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձում:

Արցախի Հանրապետության նախագահն ընդգծել է, որ բանակը հանդիսանում է Արցախի անկախության ու անվտանգության հիմնական երաշխավորը և մեր ժողովրդի հպարտությունը: «Բարձր մարտական ոգու և պատրաստվածության շնորհիվ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը կարևոր դեր են կատարում նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման գործում: Այդ իսկ պատճառով պետք է ամեն ինչ անենք մեր երկրի պաշտպանունակության շարունակական ամրապնդման, բանակի մարտունակության բարձրացման, ժամանակի պահանջներին համապատասխան տեխնիկական հագեցվածության ապահովման, հայրենիքի զինվորի ոգին միշտ բարձր պահելու ուղղությամբ: Բանակի հիմնախնդիրները այսուհետ էլ կլինեն իշխանությունների հատուկ ուշադրության կենտրոնում: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Պաշտպանության բանակի ողջ անձնակազմին, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններին փառապանծ տոնի առթիվ և մաղթում քաջառողջություն, երջանկություն, խաղաղ ու բարեկեցիկ կյանք»,- շեշտել է Բակո Սահակյանը: