23 փետրվարի 2011 - 12:51 AMT
Տնտեսագետ. Ճգնաժամի երկրորդ ալիքը ողջ աշխարհում դրսևորվել է գնաճի տեսքով

«2011-ին գնաճը, որքան էլ փորձում են այն զսպել, հնարավոր է, շարունակվի, սակայն գնաճը կարող է մեղմանալ և ավելի կառավարելի դառնալ»,- փետրվարի 23-ին Երևանում ասել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր Թաթուլ Մանասերյանը: Նրա խոսքերով, հենց դրան են ուղղված գնաճի հաղթահարման ուղիները` մշակված հետազոտական կենտրոնի կողմից:

Դրա հետ կապված` նա հավելել է, որ ողջ աշխարհում սպասվում են գնաճի բարձր տեմպեր, բայց կան ներքին գործոններ, որոնք կարող են օգնել Հայաստանին զսպել տատանումները` սպառողների համար ավելի ընդունելի իրավիճակ ստեղծելով: Ներկայացնելով «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի կողմից անցկացված վերլուծությունը «Բարձր գնաճի իրական պատճառները և դրա հաղթահարման ուղիները» թեմայով` Մանասերյանն ասել է, որ «գնաճը միշտ չէ, որ վատ է, մասնավորապես, ոչ մեծ գնաճը կարող է հանդես գալ որպես տնտեսության խթանիչ, սակայն երբ այդ ցուցանիշը վերածվի երկնիշ թվի և տեղ գտնի գերգնաճը, ապա դա կարող է սպառնալիք դառնալ աշխարհի երկրների մեծամասնության համար»:

Միաժամանակ փորձագետն ընդգծել է, որ ճգնաժամի հետևանքները դեռ չեն հաղթահարվել, իսկ դրա երկրորդ ալիքը ողջ աշխարհի համար վերաճել է բարձր գնաճի: