23 փետրվարի 2011 - 13:51 AMT
Թաթուլ Մանասերյանն առաջարկում է Հայաստանում գնաճի հաշվարկման իր մեթոդը

Գնաճը հաշվարկելիս Հայաստանում հաշվի չեն առնվում մի շարք գործոններ, իսկ 470 սպառողական ապրանքների գների հաշվարկման ինդեքսը լիովին չի արտացոլում այն միտումները, որ առկա են երկրի տնտեսության մեջ: Փետրվարի 23-ին նման կարծիք է հայտնել տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը՝ ներկայացնելով իր գլխավորած «Այլընտրանք« կենտրոնի հետազոտությունը «Գնաճի իրական պատճառներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով:

Ըստ նրա, Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը գնաճի հաշվարկման ժամանակ հաշվի է առնում միայն առանձին քաղաքները մարզերում, իսկ գյուղերը, որտեղ կյանքի մակարդակը շատ ավելի ցածր է, անուշադրության են մատնված: Բացի այդ, երկրի սպառողական շուկան պետք է բաժանվի խմբերի, ինչը հնարավորություն կտա հաշվի առնել սպառման տարբեր մակարդակը: Ավելին, ըստ Թաթուլ Մանասերյանի, Ազգային վիճակագրական ծառայության կողմից հաշվի չեն առնվում սպառման ծավալների տատանումները տարվա տարբեր ամիսներին: «Գաղտնիք չէ, որ դեկտեմբերին սպառման մակարդակը ավելի բարձր է, քան օգոստոսին»,-ասել է նա:

Թաթուլ Մանասերյանը գտնում է նաև, որ եկրի կառավարությունը պետք է հաշվի առնի ապրանքների գները նվազագույն սպառողական զամբյուղի հաշվարկման ժամանակ: