23 փետրվարի 2011 - 18:27 AMT
ՀՀ կառավարությունն առանձնակի ուշադրություն է դարձնում բարեփոխումներին երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը փետրվարի 23-ին ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) և «Հայ Օգնության Միության» ներկայացուցիչներին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության դաշտում իրականացվող բարեփոխումներին առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել Հայաստանում երեխաների պաշտպանության ոլորտում տիրող իրավիճակին, գերակայություններին և առանցքային գործոններին: Ընդգծելով աղքատ, հաշմանդամ և ծնողական խնամքից զրկված երեխաների սոցիալական պաշտպանության համակարգի բարելավման անհրաժեշտությունը` կարևորվել է երեխաների պաշտպանության ռազմավարության լրամշակումը: Առաջնահերթ են համարվել Հայաստանում տվյալ խնդրի վերաբերյալ միջազգային խորհրդաժողովի կազմակերպումը և ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման գործում շահագրգիռ պետական գերատեսչությունների ներգրավումը:

Խորհրդակցության ժամանակ արծարծվել է նաև մանկատների շրջանավարտներին բնակարաններով ապահովելու խնդիրը: Հարցի առնչությամբ վարչապետը ներկայացրել է Հայաստանում սոցիալական բնակարանային ֆոնդի միջոցով անօթևան երեխաներին տրամադրվող պետական աջակցության ծրագրի մանրամասները: Այդ համատեքստում կարևորվել է հանրային իրազեկման բարձրացման ուղղությամբ միջոցառումների իրականացումը: