23 փետրվարի 2011 - 20:02 AMT
ԿԱՐԾԻՔ
Բնապահպանների գնահատմամբ, 2020 թվականին Հայաստանում կարող է այլևս անտառ չմնալ

Հայաստանում կրկին ապօրինի անտառահատում է գրանցվել: Հայաստանի բնապահպանության նախարարությունը Ոստիկանությանը տեղեկություններ է տրամադրել այն մասին, որ 57-ամյա Բենիամ Ս.-ն «Հայանտառ» ՓԲԸ Ճամբարակ 11 անտառահատվածում ապօրինաբար 14 ծառ է հատել` հասցնելով 927 000 դրամի չափով նյութական վնաս: Ապօրինի անտառահատման պատճառներն առայժմ հայտնի չեն, հետաքննություն է ընթանում:

Էկոլոգները մտահոգված են Հայաստանում գազի սակագների բարձրացման արդյունքում ակտիվացած ծառահատման պատճառով:

Դեռևս չվերականգնելով անտառները, որոնք հատվել էին 1990-ական թվականների սկզբին բոլորիս հայտնի աղետալի դրության պատճառով, մենք նույն խնդրին ենք բախվում: «Մութ և ցուրտ տարիները» Հայաստանի համար անցյալում են, և հանրապետության գազաֆիկացումն այսօր հասել է 80%-ի: Սակայն Հայաստանի որոշ գյուղերում իրավիճակը դեռևս հիշեցնում է 90-ականների խղճուկ տեսարանը. այնտեղ ծառեր են հատում կա'մ գազաֆիկացման բացակայության, կա'մ էլ կապույտ վառելիքի համար որոշ ընտանիքների անվճարունակության պատճառով: Եթե այդպես շարունակվի, ապա, էկոլոգների գնահատմամբ, 2020 թվականին Հայաստանը կարող է զրկվել անտառային զանգվածներից:

Հայաստանի բնապահպանության նախարարության տվյալների համաձայն, այսօր Հայաստանում անտառային զանգվածները կազմում են ընդամենը 11%, իսկ NASA-ի տվյալներով` 8%-ից ոչ ավել: