24 փետրվարի 2011 - 09:31 AMT
ՀՀ ՏԿՆ. Որևէ տեղ չհաշվառված երեխաներին շահագործման վտանգ է սպառնում

Բնակչության պետական ռեգիստրում երեխաների գրանցումը կատարվում է ոչ թե առանձին բնակավայրերում, այլ ողջ հանրապետությունում: Այդ մասին հայտնում է Հայաստանի տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը վերջերս մամուլում տեղ գտած` երեխաների հաշվառման գործընթացի մասին հրապարակումների առնչությամբ:

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի կողմից մարզպետներին տարեսկզբին հանձնարարվել է համատեղ աշխատանքներ իրականացնել համապատասխան պետական մարմինների հետ` նախադպրոցական և կրթական հաստատություններում սովորող երեխաների գրանցումը Բնակչության պետական ռեգիստրում կազմակերպելու համար:

Վերջին շրջանում տարբեր միջազգային և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հանրապետությունում առկա են չգրանցված ծնունդների բազմաթիվ դեպքեր: Մասնավորապես` պարզվել է նաև, որ դպրոց են հաճախում երեխաներ, որոնք որևէ տեղ հաշվառված չեն: Նման կարգավիճակը հղի է տարբեր վտանգներվ, օրինակ` կարող է հող ստեղծել երեխաների շահագործման համար: Գործընթացի նպատակը նաև այդօրինակ դեպքերի բացառումն է: Այդ իսկ պատճառով էլ որոշվեց հաշվառման վերաբերյալ տեղեկանք պահանջելու միջոցով իրականացնել բոլոր երեխաների գրանցումը Բնակչության պետական ռեգիստրում:

Գործընթացը շարունակվելու է մինչև ընթացիկ ուսումնական տարվա վերջը և կավարտվի մայիսի 30-ին: