24 փետրվարի 2011 - 15:06 AMT
Լարիսա Ալավերդյան. Սումգայիթի ջարդերը ցեղասպանություն ճանաչելու համար դեռ ուշ չէ

Սումգայիթում հայերի ջարդերը ցեղասպանություն ճանաչելու համար դեռ ուշ չէ: Փետրվարի 24-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում նման հայտարարություն է արել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: Ըստ նրա, դրանով պետք է զբաղվեն իշխանությունները, դա պետք է ՀՀ պետական քաղաքականության մաս դառնա: Ըստ Լարիսա Ալավերդյանի, Սումգայիթի գործը միակն է, որտեղ կա դատական եզրակացություն և ադրբեջանցիների վկայությունները կատարվածի մասին, ինչը առավելություն է տալիս այդ առումով: Պատգամավորը հայտարարել է, որ հայերը Սումգայիթում երբեք ազգային փոքրամասնություն չեն եղել, նրանք են կառուցել այդ քաղաքը:

Ասուլիսին ներկա էին սումգայիթյան ջարդերի ականատեսները, որոնք ներկայացրեցին իրենց վկայությունները: Ականատեսներից մեկը՝ Ռայա Թովմասյանը պատմեց, թե ինչպես էին ադրբեջանցիները վանկարկում, որ հայերին հարկավոր է սպանել, որ նրանք չպետք է ապրեն Ադրբեջանում: Նա պատմեց, թե ինչպես էր իր ամուսինը 9 ժամ շարունակ դիմադրում վայրագ ադրբեջանցիներին և ինչպես սպանվեց շենքի մուտքում: