25 փետրվարի 2011 - 14:45 AMT
Սևան Նիշանյանն իր «Նիշանյանի տները» նվիրել է թուրք գրող Ազիզ Նեսինի հիմնադրամին

Ստամբուլում բնակվող լեզվաբան և գրող Սևան Նիշանյանն իր «Նիշանյանի տները» նվիրել է թուրք գրող Ազիզ Նեսինի «Նեսին» հիմնադրամին:

Ըստ Նիշանյանի, նա վաղուց է մտահոգված այդ շինությունների ճակատագրով, իսկ Իզմիրի վարչակազմի դրանք քանդելու մտադրությունը միայն արագացրեց այդ որոշման կայացումը: «Այդ տները ստեղծվել են մարդկանց գեղեցկության ու ազատության մասին հիշեցնելու համար: Դրանք պատկանում են ոչ թե ինձ, այլ գյուղին, ժողովրդին, երկրին: Ես մտածեցի, որ Նեսինի հիմնադրամը կարող է փրկել նրանց ավերումից»,-ասել է նա, գրում է Hurriyet Daily News-ը: Ըստ Ալի Նեսինի, շենքերը մեծ ավանդ են «Նեսինի» հիմնադրամին: «Ցանկացած նվիրատվություն պատասխանատվություն է ենթադրում և մենք թույլ չենք տա քանդել պատմական շինությունները»,-ասել է Նեսինը:

Նիշանյանի սեփականությունն են կազմում հյուրանոցը, պատմական տները, բաղնիքը, ագարակը, հողատարածքը, Նիշանյանների աշտարակն ու տունը: Ըստ պայմանավորվածության, Նիշանյանը կշարունակի կառավարել հյուրանոցը:

Թուրքական իշխանությունների որոշմամբ Իզմիրի տասնյակ շինություններ ապօրինի են համարվել և քանդման են ենթակա: Այդ ցուցակում է հայտնվել նաև Նիշանյանի 16 շինությունները, որոնք հյուրանոցային ծառայություններ են տրամադրում և հայտնի են «Նիշանյանների տուն» անվանումով: